Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Այդ մասին տեղեկացնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջը։
Բանաձևի տեքստում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը ինքնակոչ «բնապահպանների» կողմից փակվելու հետևանքով խախտվել է հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը 120 000 հայերի համար, որոնք փաստացի շրջափակման մեջ են։
Եվրախորհրդարանը մատնանշում է, որ Լաչինի [Բերձոր] միջանցքը պատերազմից տուժած Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացել այն՝ ապահովելով ազատ տեղաշարժը և առավել խոցելի խավի համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների հասանելիությունը:
Համաձայն աղբյուրի բանաձևում ընդգծվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ ԵԽ-ն կոչ է անում, որ միջազգային կազմակերպություններին թույլ տրվի մուտք գործել Արցախ՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի [Բերձորի] միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և կոչ են անում, որ նրանց պետք է փոխարինեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահները։
ԵԽ պատգամանորները նաև կոչ են անում ԵՄ-ին երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի նման գործողություններին, Ռուսաստանի ապակառուցողական դերին կամ Մինսկի խմբի անգործությանը:
Թողնել պատասխան