Երևանում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

ՆԱՏՕ

Հայաստանում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։ Այդ մասին հայտնում է պաշտոնական Երևանը։

Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Փաշինյանը Կոլոմինաին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի [Բերձորի] միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը` շեշտելով, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին։

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի [Բերձորի] միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։ Նա իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:

Առանձին հանդիպում են ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինա Պիրիսը, որի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Միրզոյանը ևս զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի [Բերձորի] միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան Խավիեր Կոլոմինա Պիրիս հանդիպմանը պաշտպանը ներկայացրել է Լաչինի [Բերձորի] միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները։ Գրիգորյանը հատուկ խոսել է նաև հունվարի 17-ին ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Հայաստանից Արցախ մեկնող երեխաներին ահաբեկելու դեպքի մասին՝ համարելով, որ այս տեսակի արարքն ուղղակի երեխայի իրավունքների կոպտագույն խախտում է, որը պետք է պատշաճ գնահատականի արժանանա երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից։

Իր հերթին ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Հայաստան ժամանելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հանդիպել է Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի [Բերձորի] միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ։

Հիշեցնենք, որ հայաստանյան այցից հետո Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մեկնելու է Ադրբեջան։

Դիտումների քանակը: 4505
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին