Հայաստանում գտնվող արցախցի 16 երեխա վերադարձան տուն

16

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում գտնվող արցախցի 16 երեխա այսօր վերադարձել են Արցախ: Այդ մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է Արցախում գտնվող հաղորդավար Էրիկ Անթառանյանը:

«16 երեխա Եվրոտեսիլի հայտնի խմբից վերջապես կարողացավ միավորվել իրենց ծնողների հետ: Չէի ուզում այդ լուրը հայտնել, մինչեւ երեխաները չէին հասել Ստեփանակերտ»,- նշել է Անթառանյանը:

Նշենք, որ Արցախ վերադարձած երեխաները Մանկական Եվրատեսիլ մեկնած Անաիդա Գաբուզյանի երգչախմբի անդամներն են։ Նրանք Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձել են Ստեփանակերտ։

Երեխաները շրջափակման պատճառով 37 օր ապրել են Գորիսում:

 

Թարմացում

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջից հայտնել է, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով տուն են վերադարձել 19 երեխա։

«Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է»,- հայտնում է Ստեփանյանը։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։

Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։

«Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։

Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։

Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»,- հավելել է Արցախի ՄԻՊ-ը։

Դիտումների քանակը: 3898
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին