ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ ռազմական գործողություններին հաջորդած իրավիճակի կարգավորման գործում. Օլիվեր Վարխե

28228175

Եվրոպական միությունը պատրաստ է առավել ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերականգնման գործում։ Այս մասին այսօր Երևանում ասել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխեին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ ճեպազրույցի ընթացքում:

Նա ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը զոհերի և մարդասիրական ճգնաժամի է հանգեցրել։

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ ռազմական գործողություններին հաջորդած իրավիճակի կարգավորման գործում։ Պատրաստ է աջակցել վստահության ամրապնդման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցում։ Իսկ ապագայում, հիմնական գործընկերոջ կարգավիճակում, օգնել տնտեսապես վերականգնել ճգնաժամից տուժած հատվածները»,- ասել է Վարխեին հավելելով, որ որպես «նվեր» նա իր հետ մեծ ֆինանսական և տնտեսական ներդրումների ծրագիր է բերել՝ համաճարակի հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար։

ԵՄ-ն պատրաստ է այդ միջոցներն օպերատիվ կերպով ուղղել Հայաստանի տնտեսության շուտափույթ վերականգնմանը։ Ճիշտ այնպես, ինչպես Արևելյան գործընկերության մյուս երկրներում։

Նա նշել է, որ Հայաստանի բնակիչներն աշխատատեղերի կարիք ունեն, սակայն պետք է հաշվի առնել այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել համավարակից առաջ։

«Այդ պատճառով մենք ցանկանում ենք առավելագույնս արագ իրականացնել տնտեսության թվայնացման նախագծերը, բայց ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք առևտրային ուղիներ և կապ ստեղծել եվրոպական շուկայի հետ։ Դրա օգնությամբ մենք կկարողանանք տարածաշրջանն ավելի մոտ դարձնել Եվրամիությանը»,-նշել է Վարխեին։

Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն հույս ունի 17 մլրդ եվրո ներգրավել ամբողջ տարածաշրջանում ծրագրի իրականացման համար:

Ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Բրյուսելին շնորհակալություն էր հայտնել Հայաստանին 1,6 մլրդ եվրո հատկացնելու համար և տեղեկացրել էր, որ առաջիկա հինգ տարում այդ գումարը կծախսվի առանցքային 5 ծրագրերի իրականացման համար` ներառյալ Սյունիքի մարզի զարգացումը։

Դիտումների քանակը: 4394
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին