Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը` հանուն Արցախի և Հայաստանի։
Ընդդիմադիրները պնդում են, որ հանրային մեծ ճնշմամբ հասնելու են իշխանությունների հրաժարականին, և մայիսի 1-ից իրենց պայքարի վճռական փուլն են մեկնարկելու:
Հիշեցնենք, որ պայքարը նոր թափ ստացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին ելույթից հետո։ Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը մտադիր է հանձնել Արցախը Ադրբեջանին, իսկ դա հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։
Հրապարակում միացան քայլերթով չորս խորհրդանշական վայրերից` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից, Երևան ժամանած խմբերը։
Հիշեցնենք, որ երևանյան մամուլը պնդում էր, որ Արցախի Հանրապետությունից ևս մեծ քանակությամբ քաղաքացիներ են միացել բողոքի ակցիային, ինչը սակայն հերքվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից։
«Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան