Պարգևատրվել է հայ ազգի բարեկամ լրագրող Դանա Մազալովան

Մազալովա

Օրերս Չեխիայում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպան, հրապարակախոս և լրագրող Դանա Մազալովային (հետմահու) և հայտնի չեխ լրագրող, գրող և քաղաքական գործիչ Յարոմիր Շտետինային շնորհված ՀՀ պետական պարգևների հանձնման արարողությունը։

Պարգևատրվել է հայ ազգի բարեկամ լրագրող Դանա Մազալովան

Դանա Մազալովան ՀՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Երախտագիտության մեդալ»-ով, իսկ Յարոմիր Շտետինան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, պարգևատրվել է «Պատվո մեդալ»-ով՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման ու զարգացման և համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը իր ելույթում բարձ գնահատեց հայ ժողովրդի բարեկամ գործիչների՝ ԼՂ հակամարտության իսկության լուսաբանման և Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած զգալի ավանդը։ Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Դանա Մազալովայի հիշատակին։

Միջոցառմանը մասնակցեցին Դանա Մազալովայի ազգականները և բարեկամները, Հայաստան ու Արցախ քանիցս այցելած և Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուսաբանման հարցում աչքի ընկնող չեխ հասարակական-լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ։

Հիշեցնռնք, որ հենց Դանա Մազալովան էր ծավալուն հարցազրույցներ տվել և հերքել ադրբեջանցիների կողմից ներկայացված լուսանկարները, որոնք հրամցվում էին որպես Խոջալուի ողբերգության կադրեր։ Նա պնդում էր, որ այդ լուսանկարները չեն համապատասխանում ադրբեջանցի լուսանկարիչ Չինգիզ Մուստաֆաևի կողմից 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը արված իրական լուսանկարներին, քանի որ ինքն անձամբ էր տեսել իրական լուսանկարները։ Հավելենք նաև, որ Մուստաֆաևը 1992 թվականի հունիսի 15-ին «զոհվել» է Նախիջևանիկի մերձակայքում` մարտերի ժամանակ։

Դիտումների քանակը: 3898
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին