ՀՀ ՄԻՊ-ը դատապարտում է ոստիկանության ծառայողների՝ օրենքից չբխող գործելակերպը

Բռնի ուժ

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից այցեր են կատարել ոստիկանության 8 բաժիններ` բերման ենթարկված ավելի քան 151 անձանց հետ զրուցելու։ Այդ մասին նշված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ։

Նշվում է, որ զանգվածային բնույթ է կրում առանց որևէ պահանջ ներկայացնելու, քաղաքացիների նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու անթույլատրելի գործելաոճը։

Կատարված այցերի շրջանակում արձանագրվել է նաև դեպք, երբ քաղաքացին բերման ենթարկվելիս ստացել է ձեռքի փակ վնասվածք, ոստիկանությունը զանգահարել է շտապօգնություն, սակայն քաղաքացու բուժման հետագա ընթացքը պետք է կատարվեր քաղաքացու միջոցների հաշվին։

«Նման մոտեցումը ևս գտնում ենք որ ընդունելի չի կարող համարվել այն պայմաններում, երբ վնասվածքը ստացվել է ոստիկանության ծառայողների կողմից անձին բերման ենթարկելիս կիրառած ուժի արդյունքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ դեպքում ոստիկանը մեքենայում ոտքով սեղմել է քաղաքացու կոկորդին։
Տարածված խնդիր է եղել անձին՝ իր կամքին հակառակ, էլեկտրոնային սարքերով նույնականացնելը։

Այն դեպքում, երբ անձը՝ օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։

ՄԻՊ-ն անդրադարձել է նաև քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման, գլխին հարվածելու դեպքին։

«Պաշտպանի կողմից նշված դեպքի կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ նման դեպքերի բացառման և մեղավորների նկատմամբ պատժի անխուսափելիության ապահովման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս, եղել են դիմակներով։ Շեշտվում է, որ հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից։

Նշված դեպքի վայրում պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն անմիջապես պարզաբանումներ է ստացել ինչպես լրագրողից, այնպես էլ արարքն իրականացրած՝ ՊՊԾ ղեկավարից։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց կողմից փորձ է արվել արդարացնել կամ ողջունել ոստիկանության կամ պետական այլ ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները, ինչը խիստ մտահոգիչ և դատապարտելի է՝ հաշվի առնելով ինչպես վերջիններիս հանրային մեծ լսարանի առկայությունը, այնպես էլ առկա հանրային լարված տրամադրությունները։

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է վերը նկարագրված դեպքերով ոստիկանության ծառայողների դրսևորած՝ օրենքից չբխող գործելակերպը։
Պաշտպանի հաստատության արձանագրած խնդիրներն ու դրանց լուծման մանրամասն առաջարկությունները կուղարկվեն ՀՀ ոստիկանություն։

Միաժամանակ, պաշտպանը հավաքներ և բողոքի ակցիաներ իրականացնող անձանց և հանրային դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության գործադրումից, միմյանց և ոստիկանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքից, վիրավորանքից և ցանկացած տեսակի այլ անհարգալից վերաբերմունքից, ինչպես նաև հատուկ հոգածություն դրսևորել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ։

Դիտումների քանակը: 4034
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին