Քրգործ է հարուցվել ադրբեջանցի պատգամավորների դեմ բողոքի ակցիայի կապակցությամբ

Մարիոթ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Երևանի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ երեկվա միջադեպի հետ կապված։ Բերման ենթարկված քաղաքացիների մեջ կային նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։

Փետրվարի 22-ին ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որն իրականացվում էր «Մարիոթ» հյուրանոցի մոտ ի դեմ Եվրանեսթի նիստերի համար Երևանում գտնվող և նշված հյուրանոցում հյուրընկալված  2 ադրբեջանցի պատգամավորների` Թահիր Միրկիշիլինի և Սոլթան Մամեդովի։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ՝ փետրվարի 22-ին, ժամը 19։40-ին, Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 25 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Համաձայն աղբյուրի՝ վարչական շենքի մուտքի դիմաց և ներսում բերված անձինք սկսել են բղավել և խոչընդոտել ոստիկանության ծառայողների գործողություններին:

Ոստիկանության ծառայողները հանդարտվելու և անօրինական գործողությունները դադարեցնելու կոչեր են արել, սակայն նշված քաղաքացիները սկսել են հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, անընդհատ հրահրել են վիճաբանություն՝ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով կենտրոնական բաժնի աշխատանքի բնականոն ընթացքը։

Հիշյալ անձինք խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Կենտրոնական բաժնի տարբեր աշխատասենյակներ և ներկայացվել նախաքննական մարմին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի հատկանիշներով:

Քիչ ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, որտեղ մասնավորապես նշում է, որ փետրվարի 22-ի ակցիան կրել է բացառապես խաղաղ բնույթ: Ակցիայի մասնակիցները պաստառներով և կոչերով թշնամական երկրի պատվիրակներից պահանջել են անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից:

Խաղաղ ակցիայի ընթացքը խոչընդոտվել է ՀՀ ոստիկանության կողմից, որի ներկայացուցիչները բիրտ, անօրինական և անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25 անձ:

Քրգործ է հարուցվել ադրբեջանցի պատգամավորների դեմ բողոքի ակցիայի կապակցությամբ

ՀՅԴ ՀԵՄ պնդմամբ բերման ենթարկվածների թվում եղել են նաև ակցիային չմասնակցող քաղաքացիներ, պատերազմի մասնակցածներ, իգական սեռի ներկայացուցիչներ և անչափահաս անձ, ինչպես նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող:

Համաձայն աղբյուրի ոստիկանական գործողությունների արդյունքում կոտրվել է բերման ենթարկված անձանցից մեկի ձեռքը:

Դիտումների քանակը: 4296
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին