Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ հրաժարական տալ. Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից», — հայտարարել է Արմեն Սարգսյանը, շեշտելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

«Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից», — նշում է Արմեն Սարգսյանը:

Այն հարցին, թե ինչու Սարգսյանը հրաժարական չտվեց 2018-ի գարնանը` հեղափոխությունից հետո, նա հայտնում է հետևյալը. «Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը»:

Նա պնդում է, որ չի կարողացել ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք երկրին հասցրել են ներկայիս ճգնաժամին, քանի որ համապատասխան գործիքների պակաս կար։

Բացի այդ Սարգսյանը նշում է, որ ինքն առաջարկել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը:

Ուրախությամբ է արձանագրում, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, հույս է հայտնում, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Բացի այդ, Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ իրականությունն այնպիսին է, որ «պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից»: «Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա», — իր հայտարարության մեջ նկատում է նա:

Դիտումների քանակը: 3940
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին