Եվրամիությունը ողջունում է 10 հայ գերիների վերադարձը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել 10 հայ ռազմագերիներ հայրենիք վերադարձի առնչությամբ։

«Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 բանտարկյալների ազատ արձակումը, որի որոշումը կայացվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,–գրել է նա։

Շառլ Միշելը կատարվածը կարևոր մարդասիրական ժեստ է համարել, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաև Բրյուսելի քննարկման արդյունավետ պտուղները։

Հայ զինծառայողների՝ հայրենիք վերադարձը ողջունել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով ևս իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` նշելով, որ ուրախ է, որ կարողացել է մասնակցել 10 հայ զինծառայողների հայրենադարձին և հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել երկու երկրների հետ` կառուցելու արդյունավետ հանդիպումներ երկու երկրների առաջնորդների հետ:

Ավելի վաղ Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովին հայտնել էր, որ Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։

Այդ հաղորդագրությունից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ներկայացրել է վերադարձողների անունները` նշելով.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք»։

Հայրենիք են վերադարձել`

Գալստյան Հրաչիկ Արամի
Դիլանյան Մկրտիչ Վալիկոյի
Հարությունյան Գագիկ Վալերիի
Պողոսյան Ռադիկ Ռազմիկի
Ղևոնդյան Անդրանիկ Գարեգինի
Նազարյան Արթուր Սիրվենի
Շահինյան Մարատ Ժորայի
Պետրոսյան Սևակ Աղվանի
Ստեփանյան Կարլեն Ռուբիկի
Վասիլյան Հայկ Լևոնի

Դիտումների քանակը: 4072
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին