Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր՝ հուլիսի 19-ին մատուցված պատարագը հոգևոր բարեբերության խորհուրդն ունի:
780 տարի առաջ Հասան Ջալալ Դոլան՝ «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին կազմակերպել է իր իսկ հիմնադրած եկեղեցու օծման ծեսը: Ժամանակակիցը՝ պատմիչ Կիրակոս Գանձակեցին, օրվա իրադարձությունը մանրամասն նկարագրել է «Հայոց պատմություն» գրքում, որի համաձայն եկեղեցու օծմանը մասնակցել են միայն 700 հոգևորականներ՝ Հայաստանի տարբեր գավառներից:
Հասան Ջալալը ներկայիս եկեղեցին կառուցել է 4-րդ դարից հիշվող լուսավորչահիմն մի համեստ եկեղեցու տեղում: Դարերով սրբավայրում քարոզել են Աստծո խոսքը: Օտար նվաճողների դեմ պայքարում վանքը զբաղեցնում էր առանձնահատուկ դիրք: Արցախի ազատագրական պայքարի արշալույսին վերաօծվեց վանքը, ու Գանձասարի ներկայիս տերերը նախորդների օրինակով վերցրին պատմական դեպքերը վերահսկելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու հանձնառությունը:
Գանձասարի 780-ամյակին ու Քրիստոսի Պայծառակերպությանը նվիրված տոնական պատարագը հանդիսապետում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հավարտ պատարագի՝ Սրբազանն իր հայրական օրհնությունն է փոխանցել հավատացյալներին: Նա իր քարոզում անդրադարձել է նաև ներկա օրերի համավարակին, նշել, որ բոլոր բնական ու բանական աղետները` ի դեմս պատերազմների ու covid-ների, կարելի է հաղթահարել` լսելով Աստծո խոսքը, կատարելով պատվիրանները, աղոթելով ու ապաշխարելով:
Այնուհետև թեմակալ առաջնորդն իր ձեռամբ օծել է Գանձասարի բակում տեղադրված խաչքարը:
Թողնել պատասխան