Գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-ից 7-ը ներառյալ

47896042

“Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:
Ինչպես տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության տարածքում սուր շնչառական ուղիների հիվանդությունների և համաճարակաբանական ընդգծված ֆոնի պատճառով

Արցախի տարածքում գործող բոլոր հանրակրթական հաստատություններում փետրվարի 21-22-ը, այնուհետև 25-ից 29-ը՝ բոլոր նախակրթարաններում և այն դպրոցներում ու մասնագիտական հաստատություններում, որտեղ դասերից բացակայությունների թիվն անցել է թույլատրելիի սահմանը, դադարեցվել են ուսումնական պարապմունքները:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Առողջապահության նախարարությունը համատեղ այս որոշումն ընդունել են՝ հիվանդությունների հետագա տարածումը կանխելու նպատակով, միաժամանակ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի ներթափանցման ռիսկերը:
Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, հանրապետությունում վերջին օրերին նկատվել է սուր շնչառական հիվանդության դեպքերի նվազման միտում, ինչն արձանագրվել է նաև բուժհաստատություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի թվի նվազմամբ:
Այս ընթացքում մանկապարտեզներում, դպրոցներում և ուսումնարաններում իրականացվել են ախտահանման, օդափոխման և շենքերում ջերմային ռեժիմի կարգավորման լրացուցիչ աշխատանքներ:
Արցախի Հանրապետության կառավարությանը կից ստեղծված՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման փաստով պայմանավորված, որոշում է ընդունել ս.թ. մարտի 23-29-ի գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-ից 7-ը ներառյալ:
Հետագա որոշումները կընդունվեն և կհրապարակվեն՝ համաճարակաբանական հսկողության պահանջներին համապատասխան:
Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը քննարկում է բաց թողնված պարապմունքները լրացնելու խնդիրը ուսումնական ծրագրի բեռնաթափման և ուսումնական գործընթացի ռեժիմի փոփոխությամբ լուծելու հնարավորությունները:
Ստեղծված իրավիճակում կարևորում ենք բոլորի և յուրաքանչյուրի համարժեք վարքագիծը՝ համաճարակի տարածումը կանխարգելելու և անհրաժեշտության դեպքում՝ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Հորդորում ենք առաջնորդվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունների կողմից հրապարակված ուղեցույցներով:
Հիգիենայի սահմանված կանոններին հետևելը զգալիորեն կնվազեցնի գրիպի, կորոնավիրուսային վարակի և այլ սուր շնչառական վիրուսային վարակի և դրանց հետագա տարածման ռիսկը:
Շարունակեք հետևել պաշտոնական հաղորդագրություններին Արցախի Հանրային հեռուստատեսությամբ և ԿԳՍ ու ԱՆ նախարարությունների կայքէջերով և ֆեյսբուքյան էջերով:
Մաղթում ենք բոլորիդ առողջություն:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն

Դիտումների քանակը: 4898
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին