Հունվարի 28-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակին:
Միջոցառմանը ներկա գտնվեցին ՂՀ պաշտպանության, արտաքին գործերի և արդյունաբերության ու ենթակառուցվածքային զարգացման նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՂՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ու ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՂՀ խորհրդարանի Մաժիլիսի` ՂՀ-ՀՀ միջխորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորներ, Նուր-Սուլթան քաղաքի գործադիր իշխանության անդամներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՂՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Գրիգոր Տոնաբեկյանը և ՂՀ ՊՆ Միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն, գնդապետ Օլժաս Խուսաինովը:
Իր ելույթում գնդապետ Գ.Տոնաբեկյանը ներկայացրեց ՀՀ ԶՈւ կազմավորման դժվարին ճանապարհը՝ առանձնահատուկ նկարագրելով «Ազգ-բանակ» գաղափարի էությունը, ինչի շնորհիվ հայ ժողովուրդը ցուցադրել է Հայրենիքը պաշտպանելու իր վճռականությունը: Կարևորվեց ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ գործընկեր երկրների հետ երկկողմ ձևաչափով դինամիկ զարգացող ռազմատեխնիկական համագործակցությունը:
Գ.Տոնաբեկյանը նշեց ՄԱԿ, ՆԱՏՕ խաղաղապահ առաքելությունների կազմում հայկական խաղաղապահ զորախմբերի առաքելությունների մասին:
Գնդապետ Օ.Խուսաինովն իր ելույթում շնորհավորեց ՀՀ ԶՈւ կազմավորման 28-ամյակի առթիվ և ընդգծեց, որ ՂՀ և ՀՀ միջև հարաբերությունները ռազմական ոլորտում գտնվում են պաշտոնական բարձր մակարդակի վրա՝ ներկայացնելով, հատկապես՝ ռազմական կրթության ոլորտում պաշտպանական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության մի շարք օրինակներ:
Թողնել պատասխան