GPS-ը սպառնալիք է սյունեցիների կյանքի իրավունքի և անվտանգության համար

Սյունիք

Հունվարի 8-ից մեկնարկվել է ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի եռօրյա այցը Սյունիքի մարզում, որի շրջանակներում դիտարկումներ կիրականացվեն Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներում:

Աշխատանքային այցի առաջին օրը գրանցվել է, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը, մասնավորապես որոշ բնակավայրեր իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը:
Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ. զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:
Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվել նաև այն պատճառով, որ ստացվել է, օրինակ, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետականն ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում տեղում Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:
Առաջիկա օրերին նախատեսված են այցեր Սյունիքի մարզի այլ բնակավայրեր ևս, որոնց ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ մասնագիտական ուսումնասիրություններ ու դիտարկումներ:

Դիտումների քանակը: 4440
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին