Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը` 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,– նշված է ԵԽ-ի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում։

Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձևը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լուծվի` հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ևս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշանակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։

«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,– ասված է բանաձևում։

Բանաձևն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կարևորությանը և լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու և պղծվելու առնչությամբ։ Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։

Բանաձևը Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի` ադրբեջանական կալանքի տակ գտնվող բոլոր բնակիչներին։ Ինչպես նաև կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։

Բանաձևը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի, սահմանների սահմանազատման վրա՝ հիմնված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի համապատասխան քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին։

Բանաձևն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկախ հարցերի շուրջ բանակցությունների վերսկսմանը` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր և կոչ է անում երկու կողմերին լիովին հավատարիմ մնալ հիմնախնդրի տևական և խաղաղ կարգավորմանը երկխոսության և բանակցությունների միջոցով հասնելուն։

Բանաձևում անդրադարձ կա նաև ԵՄ որոշ պաշտոնյաների և կառույցների հայտարարությունների տոնայնությանը, որոնք շնորհավորում էին նախագահ Ալիևին վերընտրվելու համար՝ չհիշատակելով Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը, հատկապես, որ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար։

Հավելենք, որ այսօր Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը՝ այն որակելով՝ «անհիմն», «կողմնակալ», «երկակի ստանդարտների վառ օրինակ»։

Դիմելով Եվրախորհրդարանին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է՝ «նշված արժեքների հետ որևէ առնչություն չունեցող նման բանաձևերը իսպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի դերը որպես առանձին կառույց»։

Դիտումների քանակը: 3832
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին