Հայաստանն ու Թուրքիան կվերսկսեն փոխադարձ ավիաթռիչքները 

2,5 տարի դադարից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ ավիաթռիչքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` նախարարը նշել է, որ թռիչքները կիրականացնի Pegasus Airlines-ը, որն այս պահին ավարտին է հասցնում նախապատրաստական աշխատանքները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեռ անցած շաբաթ հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ կսկսեն իրականացվել՝ հավելելով հետևյալը.

«Հարավային Կովկասի վերաբերյալ բոլոր որոշումները մենք ընդունում ենք եղբայրական Ադրբեջանի հետ միասին»:

Հավելենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:

Արդեն հայտնի է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

Դիտումների քանակը: 4117
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին