Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան

-erdogan

Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Ռեջեփ Էրդողանն այդ մասին ասել է այսօր Չեռնոգորիայում, երբ լրագրողը հետաքրքրվել է` ինչպես է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, թե Երևանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից և համապատասխանաբար կարձագանքի:

Ի պատասխան` Էրդողանը հույս է հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», – ասել է Էրդողանը:

Նշելով, որ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար, Էրդողանն ասել է. «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հեր հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ։ Ժամանակն է կայունությունը և խաղաղությունը դարձնել մշտական և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար: «Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»:

Դիտումների քանակը: 3965
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին