Հայաստանում է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն

20211221_193319

Հայաստան է այցելել Ֆրանսիայի նախագահի երկրորդ թեկնածու Վալերի Պեկրեսը։ Դեկտեմբերի 21-ին Պեկրեսը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ֆրանսիային ու Ֆրանսիայի ժողովրդին ընդունում են որպես լավ բարեկամների, քանի որ նրանք հայ ժողովրդի հետ են եղել ամենադժվար պահերին:

«Այսօր ևս Հայաստանի համար շատ զգայուն ժամանակահատված է: Համավարակից ու պատերազմից հետո մենք դժվարությունների միջով ենք անցնում: Պատերազմում պարտությունը դառը համ ունի, բայց նաև նրա համար է, որպեսզի ցույց տանք, որ կարող ենք նաև արժանապատվորեն ոտքի կանգնել»,–ասել է Սարգսյանը։

Այդ համատեքստում ՀՀ նախագահն անգնահատելի է համարել բարեկամներից ստացված օգնության ձեռքը:

«Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է»,–ընդգծել է Սարգսյանը:

Վալերի Պեկրեսն իր հերթին նշել է, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան և արդյունավետ համագործակցություն է ծավալվել Իլ դը Ֆրանսի և Հայաստանի մի շարք համայնքների ու մարզերի միջև:

Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի և մասնավորապես Իլ դը Ֆրանսի հայ համայնքն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայաստանի իրադարձություններին, և Ֆրանսիայի ժողովուրդը ցանկանում է հնարավորինս աջակցել հայ ժողովրդին։

«Այսօր, ինչպես Դուք նշեցիք, Ֆրանսիան ցանկանում է մասնակցել խաղաղության գործընթացին և օգնել բարեկամ Հայաստանին, որպեսզի նա ոտքի կանգնի ու տոկուն լինի»,–նշել է նա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հետպատերազմական իրավիճակին, առկա մարդասիրական խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:

Տեղեկացնենք, որ Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն է, ով 2022 թվականի ապրիլի 10-ին և 24-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններում «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածուն է:

Դիտումների քանակը: 4824
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին