Հայաստանը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների քաղաքականությունը. Ադրբեջանի ԱԳՆ

mid_azerbaydjana

«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալությունը վկայակոչել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևային, ով այսօր հայտարարել է, թե «Հայաստանը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների քաղաքականությունը»:

Աբդուլաևան պնդել է, թե Հայաստանի արտգործնախարարության հուլիսի 30-ի հայտարարությունը լի է «Ադրբեջանին հասցեագրված կեղծ և անհեթեթ մեղադրանքներով»: Աբդուլաևայի փոխանցմամբ, «Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ 30 տարի վարել է ագրեսիվ քաղաքականություն, որը հակասել է միջազգային իրավունքին, և այսօր էլ մերժում է երկու պետությունների միջև սահմանազատումն ու խոչընդոտում է եռակողմ հայտարարությունների իրականացումը»:

Աբդուլաևան այսօր հայտարարել է, թե կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքը հարգելու դեպքում:

Հիշեցնենք` հուլիսի 30-ին ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում գերատեսչությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, նշելով որ համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։

«Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։

Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը», — հայտարարել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

Դիտումների քանակը: 4102
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին