Հայաստանը շուրջ 70 խաղաղապահ է ուղարկել Ղազախստան

0110517a60534160b739e667bdb590bd

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան:

Sputnik Արմենիայի փոխանցմամբ շուրջ 70 զինծառայողներ զորախմբի կազմում պետք է ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի տարեմուտին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:

Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։

Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։

Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։

Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջից հայտնել է, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Դիտումների քանակը: 4021
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին