Հայրենական արտադրության հարվածային ԱԹՍ-ներն արդեն երկնքում են

haykakan-ats

Հայաստանի ռազմական արդյունաբերության բյուջեն անցած 5 տարիների ընթացքում աճել է շուրջ 3 անգամ: Այդ մասին այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա խոսքերով 2017թ.-ին ոլորտի պետական ֆինանսավորումը կազմել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4, 2019-ին՝ 3.8, 2020-ին՝ 3.3 մլրդ դրամ, որին պատերազմի ընթացքում ավելացվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ, իսկ 2021թ-ի բյուջեով հատկացվել է արդեն 4.6 մլրդ դրամ:

«Հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի արտադրության այն հնարավորությունները, որ ստեղծվել են, 2021թ-ին, արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և այդ արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում: Դա վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տրամաչափի արկերին` թե՛ ականանետերի, թե՛ ձեռքի նռնականետերի արտադրության մասով։ Հարվածայինների մասով պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն անցնում են: Երբ կանցնեն փորձարկումները կգնան սերիական արտադրության»,-  ասաց նախարարը:

Արշակյանը շեշտեց նաև, որ հաջողություններ են արձանագրվել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում, որոնք իրենց պարամետրերով արտասահմանյան արտադրանքին չեն զիջում:

«Դրանք լայնորեն կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի կողմից»,- հայտնեց նախարարը:

Լրագրողների հարցին, թե ինչու պատերազմի ընթացքում հայկական ԱԹՍ-ների կիրառման արդյունքները նկատելի չեն եղել, Հակոբ Արշակյանը նշեց, որ կիրառվել են հետախուզական ԱԹՍ-ները, իսկ դրանց արդյունքները չի բացահայտվել, քանզի հետախուզության տվյալները հրապարակման ենթակա չեն: Նա նշեց նաև, որ այդ օրերին հետախուզական ԱԹՍ-ների շահագործման արդյունքներից զինվորականները գոհ են եղել։

Արշակյանը տեղեկացրեց, որ պետությունը շարունակում է ֆինանսավորել նաև ռադարային ու կապի համակարգերի մշակման ու արտադրության ծրագրերը՝ դրանց արտադրությունը ևս Հայաստանում հիմնելու նպատակով: Իսկ օպտիկալազերային դիտարկման համակարգերն արդեն իսկ արտադրվում են ու առաջիկայում դրանց արտադրությունը նախատեսվում է էլ ավելի ընդլայնել՝ ապահովելով ոչ միայն տեղական պահանջարկը, այլև արտահանման հնարավորություններ ստեղծելով:

Դիտումների քանակը: 4770
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին