ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին սահմանագծից զորքերը հայելային կերպով հետ քաշել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերը հայելային կերպով հետ քաշել։ ՀՀ արտաքին գերատեսչությունը նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով մայիսի 28-ին ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով Դավիթ Վարդանյանի վիրավորելու փաստին՝ ում կյանքը փրկել չէր հաջողվել։

«Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքները ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է»,–ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Միաժամանակ, ԱԳՆ-ն դատապարտում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը` ասելով, որ սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քկմ տարածք: Նշվում է նաև, թե հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։

ԱԳՆ–ն հիշեցնում է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունով հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Փառուխ գյուղը, մինչ այժմ վերացված չեն։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կարևոր է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը։

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած հանձնառությունները։
Դիտումների քանակը: 4132
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին