ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ալիևի ռազմատենչ հայտարարություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակումից: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն անդրադարձել է Ալիևի` մայիսի 28-ին Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում արած հայտարարություններին։

ՀՀ ԱԳՆ-ից շեշտում են, որ Ալիևի այս ռազմատենչ հռետորաբանությունը միտված է վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

«Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով»,– շեշտում են ՀՀ արտաքին գերատեսչությունից։

ՀՀ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ, ըստ էության, Ալիևն իր ելույթում խոստովանել է, որ վերահսկելով Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]` Ադրբեջանը խափանել է ԼՂ–ի ու Հայաստանի միջև կապը:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն Ալիևը նրանց սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: ԱԳՆ–ից շեշտում են` Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով:

Սա հակասում է նաև միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին։

«Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար:

Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը` սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: ԱԳՆ–ից նկատում են, որ Ալիևի հայտարարություններում նաև ընդգծվում է` ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները:

«Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման` իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով»,– շեշտվում է արտգործնախարարության հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն վստահ է, որ Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով:

Դիտումների քանակը: 3815
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին