ՀՀ-ի և Արցախի տարածքները ենթակա չեն սակարկությունների. ԳՀԽ

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է իշխանություններին հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից։ Այդ մասին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել` հավելելով, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները մեր հայրենիքը կանգնեցրեցին անվտանգային նոր մարտահրավերների, գոյաբանական սպառնալիքի առջև, սակայն նույնիսկ այդ բարդ իրավիճակում չնվազեց մեր ժողովրդի և ազգային հաստատությունների նախանձախնդրությունը՝ շարունակելու պաշտպանել Հայաստանի ու Արցախի արդար իրավունքները։

Հոգևոր խորհուրդը կոչ է արել համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։

«Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը և աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը»,– գրված է հայտարարությունում։

Հավելենք, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։

Անդրանդարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսին, որի ընթացքում հնչած հայտարարությունները, ըստ Գերագույն հոգևոր խորհուրդի բացահայտել են հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի և Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած, ըստ ԳՀԽ-ի, վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։

«Ձեռնարկվող անհեռատես քայլերով, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկման առջև։ Մեր զավակների արյան գնով ու մաքառումով կերտված Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների։ Հայրենիքը ամենքինս է, և հայրենիքին առնչվող նման որոշումները պետք է կայացվեն ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին և օրենսդրությանը համահունչ և ոչ՝ առանձին քաղաքական խմբերի ու խմբավորումների հայեցողությամբ»,– ասված է հայտարարությունում։

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի և անընդունելի է համարել խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։

Դիտումների քանակը: 3738
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին