ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ ՄԻ հանձնակատարին է ներկայացրել Արցախի հումանիտար իրավիճակը

ՄԻՊ ԵԽ

Մեզ համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող անձանց, իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է լինեն փակ դռներ, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը, անդրադարձել Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, բարձրաձայնել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման, վերջիններիս վերադարձի ապահովման հրատապության և գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցերի մասին:

Կողմերն անդրադարձել են նաև ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանում կալանավորված զինծառայողներին այցին։

Անահիտ Մանասյանը խոսել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրեր Մարդու իրավունքների պաշտպանի կատարած փաստահավաք այցերի արդյունքների մասին, ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ վարքագծի հետևանքով տեղի բնակչության անվտանգային հիմնահարցերը, երեխաների իրավունքների վերաբերյալ արձանագրած խախտումները:

Աղբյուրը հայտնում է, որ պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:

«Մեզ համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող անձանց, իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է լինեն փակ դռներ: Եթե նույնիսկ, որոշակի իրավիճակով պայմանավորված, դրանք առկա են, ապա պետք է փնտրել այդ փակ դռները բացելու հնարավորություններ։ Հակառակ պարագայում մարդու իրավունքների պաշտպանության մեր առաքելությունը հաջողված համարել հնարավոր չի լինի»,- շեշտել է Մանասյանը։

Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵԽ պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել նաև հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ու մի շարք այլ հարցերի։

Հավելենք, որ Մանասյանը մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցելու է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։ Նախատեսված են նաև հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ։

Դիտումների քանակը: 3872
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին