ՀՀ–ն պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործին. Գրիգորյան

16267943985447

Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումներին։ Այս մասին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ասել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ընդունելության ժամանակ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման առանցքային թեման եղել է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։

«Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշեց, որ այդ գործողություններին զուգահեռ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Հայաստանի դեմ տարածքային և պատմական կեղծ պահանջներով, որոնք հստակորեն մատնանշում են Ադրբեջանի զավթողական նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Շեշտվեց, որ Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառումը, զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն Ադրբեջանին քաջալերել են ուժի կիրառումը դարձնել քաղաքականության մշտական գործիք, ինչը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումները։

Նա նշել է, որ այսօր ՀՀ Զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները, և Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։

«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում».- նշել է Արմեն Գրիգորյանը։

Դիտումների քանակը: 4610
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին