Հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կմասնակցի Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը: Այս տարի ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի մրցանակը կշնորհվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։
Ինչպես տեղեկացրեց նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին։
Թողնել պատասխան