ՀՀ֊ում առաջին անգամ ժամանակակից պարի միջազգային փառատոն կանցկացվի

1060658

Օգոստոսի 23-29-ը առաջին անգամ Երևանում կանցկացվի «SUMMEET» Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը։ Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Փառատոնը կազմակերպել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իսկ նախագիծն իրականացվում է Սանկտ Պետերբուրգի «Kannon Dance» պարային տան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի և «Balmanukyan Dance Project» ընկերության հետ համատեղ։ Փառատոնի հիմնական հարթակը կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի դահլիճն է։

«SUMMEET» փառատոնը ներառում է ժամանակակից պարի բոլոր դրսևորումները՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարուսույցների բեմադրած պարային ներկայացումներ և պերֆորմանսներ, հրավիրված մասնագետների վարպետաց դասեր ու դասախոսություններ, ինչպես նաև կինոպարի հատուկ ծրագիր, որին նվիրված է առանձին հարթակ։

«Այսօր մենք պարային նոր փառատոն ենք անում, որը մեր երկրում ևս մեկ մշակութային սյուն կդառնա։ Համոզված եմ, որ «SUMMEET»-ը կվերածվի Հայաստանի ժամանակակից պարի մի այնպիսի հարթակի, որ այն տարեցտարի դուրս կբերի համաշխարհային ասպարեզ»,- նշել է «SUMMEET» փառատոնի միջազգային պրոդյուսեր, «Kannon Dance» պարային տան տնօրեն Վադիմ Կասպարովը։
Փառատոնը կբացվի Վալերիա Կասպարովայի «Սև այգի» ներկայացումով՝ Արցախյան առաջին պատերազմին նվիրված պարային բեմականացմամբ, որի ստեղծագործական աշխատանքները սկսվել են Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին:

«SUMMEET» փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի «Dancewalk» պարային նախագիծը, որը ստեղծել է շվեյցարացի հայտնի պարուսույց Ֆուֆուա դ՛Իմոբիլիտեն։ «Dancewalk»-ը պարային արտահայտություն է՝ ժամանակի և տարածության մեջ, որտեղ պարը դառնում է աշխարհագրություն, իսկ մարդը՝ բնապատկերի մի մաս։ Այս արտասովոր պերֆորմանսի շնորհիվ փառատոնի օրերին պարը դուրս կգա փակ դահլիճներից և կձգվի երևանյան փողոցներով։

Փառատոնի առանցքը հայկական ցուցադրությունն է, որտեղ մեկտեղված են հայ ժամանակակից պարուսույցների լավագույն բեմադրությունները։ Հայկական ցուցադրության շրջանակում ելույթ կունենա նաև Հայաստանում միակ ներառական պարային թատերախումբը։

Հետաքրքրական է նաև հայ պարուսույց Արսեն Մեհրաբյանի իրականացրած հնգօրյա լաբորատորիան, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարողները կմիավորվեն՝ սեղմ ժամանակահատվածում բեմական պատկեր ստանալու համար։

Ժամանակակից պարին նվիրված մեկշաբաթյա տոնի փակումը կազդարարի ռուսական հանրահայտ «Բալետ Մոսկվա» ընկերությունն իր «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս» ներկայացումով: Այս ներկայացումը Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» 2017 մրցանակաբաշխության դափնեկիրն է «Ժամանակակից պար/Լավագույն ներկայացում» անվանակարգում:

Դիտումների քանակը: 3591
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին