ՀՀ ԶՈւ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է. ՀՀ ԱԱԾ

ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Նաև տեղյակ է եղել դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով ձեռք բերելու, օրացույցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՀՀ պաշտպանության նախարարությանն ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին։

Ավիացիայի նախկին պետը տեղեկություն է ունեցել, որ մատակարար ընկերությունը չի կարողացել իրացնել նշված անորակ հրթիռները։ Նա, նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռնամուխ լինելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռները շուկայականից բարձր գնով ձեռք բերելու և դրա արդյունքում նույն ընկերության ՀՀ ՊՆ նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթացին։

«Հանցավոր արդյունքին հասնելու մեկ միասնական դիտավորությամբ, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանել են 1.100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ: Ընդ որում` պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցնելով փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալներին՝ դրանում նշելով նաև ձեռք բերվող ապրանքը “երկրորդ կարգ” պահանջին համապատասխանելու վերաբերյալ նշում, որպիսի պայմանները հնարավորություն է ընձեռել անտեսել օրացույցային ժամկետները և դրա արդյունքում ընկերության հետ կնքվել է հրթիռները 2,277,323,840 ՀՀ դրամով ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավիացիայի նախկին պետն այսքանով էլ չի սահմանափակվել։ Նա չի իրականացրել ապրանքի զննում և փորձարկում, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կազմած եզրակացությունում նշել է, որ անհամապատասխանություններ չկան, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան են։ Դրա հետևանքով ՀՀ զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել օրացույցային ժամկետներն անցած, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ։ Գործարքի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար:

Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է գրեթե 2,3 միլիարդ դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս։

Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Դիտումների քանակը: 4012
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին