ՀՊՏՀ-ի ուսանողները այս պահին պատրաստվում են դասադուլ անել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները սոցիալական կայքերում հայտարարություն են տարածել, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 08:30-ին բուհի բակում պատրաստվում են դասադուլ անել: Հայտարարությունում ասված է, որ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նրանք նշեցին նաև, որ նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում:

Ուսանողները նշում են, որ դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցություն հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին մանիպուլացնելով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան։ Խնդիրները առաջացան այն պահից, երբ օգոստոսի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել նույն բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը, ով ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է: Մինչ այդ նախարարը հանդիպել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի, որից հետո էլ Հայրապետյանը հայտարարել է, որ կթողնի զբաղեցրած պաշտոնը և չի նշանակվի ռեկտորի պաշտոնում։

Բանն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի աշխատաոճի դեմ պայքարող դասախոսները հայտարարել էին, որ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրագողությամբ ու կեղծիքներով է դոկտորի աստիճան ստացել, և այդ փաստով նրանք դատարան էին դիմել։ Դիանա Գալոյանի նշանակումից հետո նմանատիպ հայտարարությամբ հանդես եկան բուհի ուսանողները, ովքեր կոնկրետ փաստերով մեղադրեցին ռեկտորի նոր պաշտոնակատարին գրագողության մեջ:

Դիտումների քանակը: 4982
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին