ՌԴ ԱԳԱ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25-ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները»,– նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Հատուկ ուշադրություն կդարձվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել:
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական կարգավորման այլ առանցքային ուղիներ, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիան, հանրության և փորձագետների գծով շփումները, խորհրդարանականների երկխոսության մեկնարկը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնարար Ջեյհուն Բայրամովի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական օրակարգերի արդիական հարցերը:
Թողնել պատասխան