Միրզոյանը Լաչինի միջանցքի խնդիրը ներկայացրել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

ՄԱԿ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերը` շեշտելով դա էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներ են։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների:

«Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը»,- նշված է արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները խոսել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի մասին, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում: Ընդգծվել է, որ նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել ցեղասպանության և այլ հանցագործությունների կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ օգտագործվել որպես գործիք` նոր ոճրագործությունների իրագործման համար:

Շեշտվել է Հայաստանի ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցությունը, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ պայքարի խթանմանը: Կարևորվել է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։

Դիտումների քանակը: 3915
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին