Ինչպես ենք մենք կորցրել Շուշիի մշակութային հարստությունը

20211216_231251

Քանդակագործ Արմեն Պետրոսյանը երկար տարիներ է մշակույթի «մեջ» է: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան: (Այդ հաստատության շրջանավարտներից են Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Ալեքսանդր Թամանյանը և ուրիշներ):

Նրա աշխատանքներից է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հայտնի հրեշտակներից մեկը` Գաբրիել հրեշտակը: Արցախի Մարտունի քաղաքի աղմկահարույց Գարեգին Նժդեհի հուշարձանը, քաղաք Ճարտարի մշակույթի պալատի հարևանությամբ գտնվող Հաղթանակի հուշարձանը և այլ բազմաթիվ գործեր: Պատերազմի ժամանակ նա իր ներդրումն է ունեցել Արցախյան մշակութային արժեքների փրկության գործընթացում:

Երբ արդեն ռմբակոծվում էր Շուշին, թանգարաններից (Շուշիի երկրաբանական թանգարան, Կերպարվեստի պետական թանգարան) խնամքով արկղերի մեջ է տեղավորել նմուշները (քանդակներ, նկարներ, հանքաքարեր և այլն) և տեղափոխել է թանգարանի նկուղ, ինչի մասին զեկուցվել է վերադաս մարմիններին` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Զարմանալին այն է, որ ամեն ինչ պատրաստ էր մշակութային արժեքների տեղափոխման համար և անհրաժեշտ էր ընդամենը ապահովել տրանսպորտային միջոցներով, սակայն դրան ի պատասխան տիրում էր տևական լռություն։

Հերիք չէ, որ նրանք չնախաձեռնեցին տեղափոխումը, այլ նույնիսկ նախաձեռնողներին չաջակցեցին պատմամշակութային արժեքների պահպանման գործում:

Հիասթափություն ապրելով նման անգործությունից Արմեն Պետրոսյանը նոյեմբերի 5-6-ն ընկած ժամանակահատվածում փորձել է սեփական միջոցներով վարձակալել տրանսպորտային միջոց և տեղափոխել մեր մշակութային արժեքները ապահով վայր, սակայն այդ ժամանակ տրանսպորտային միջոց չգտնվեց:

Փաստորեն, ստացվում է, որ ղեկավարության անպատասխանատու և անհեռատես քաղաքականության պատճառով Շուշիում գտնվող մշակութային հարստությունը մնացել է թշնամուն: Արմեն Պետրոսյանի կարծիքով մեր մշակույթին հասցված նման ծանրագույն կորստի արմատները գալիս են դեռևս 1994 թվականից, երբ հաղթանակից հետո Արցախում ձևավորվեց և կարծրացավ մի այնպիսի իշխանական կլանային համակարգ, որը իր ազդեցությունը սփռեց բոլոր ոլորտներում։ Անմասն չմնաց նաև մշակութային կյանքը:

Իր կարծիքով մշակույթի նախարարը պետք է լինի պրոֆեսիոնալ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն, այլ ոչ թե որևէ կուսակցության առաջադրած ոչ արժանի թեկնածու: Նա համարում է, որ պաշտոնները պետք է տրվեն արդար մրցակցության պայմաններում: Մի կողմից մշակույթը քայքայում էին պատասխանատու պաշտոններում նշանակելով ոչ կոմպիտենտ թիմակիցների, իսկ մյուս կողմից ստեղծում էին արհեստական խոչընդոտներ արժեքավոր վարպետներին Արցախից վանելու համար: Թե ինչու են Արցախը լքել քամանչահար Հակոբ Խալաթյանը, դիզայներ Էդվարդ Ամիրբեկյանը, քանդակագործ Յուրի Ավետիսյանը, երաժիշտ Դերենիկ Մելքումյանը և այլոք դժվար չէ կռահել։ Ըստ նրա Արցախում կոչումները ոչ թե տրվում են, այլ մուրվում: Բախվելով մշակութային կյանքի նկատմամբ նման անտարբերության Արմեն Պետրոսյանը կոչ է անում մշակույթի ներկայացուցիներին բարձրաձայնել բոլոր բացթողումները, որպեսզի միասնական ուժով հնարավոր լինի տեր կանգնել մեր մշակույթին:

 

Հեղինակ` Անդրանիկ Հակոբյան

Դիտումների քանակը: 5542
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին