Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հայտարարել է, որ առաջիկա օրերին կանցկացվի Bavar 373 տեղական ՀՕՊ համակարգի վերջնական փորձարկումը։ Այդ մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Ուրբաթ օրը իրանական ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում գեներալը նշել է, որ BAVAR 373 ՀՕՊ-ի արտադրության բոլոր սարքավորումները հայրենական արտադրության են, իսկ փորձարկումները իրականացվել են երկրի ներսում:
«Բանակի ՀՕՊ ուժերի, համալսարանների և պաշտպանության նախարարության հետ համագործակցելով մեծ գիտական աշխատանք անցկացնելուց հետո մենք ստեղծել ենք Bavar 373 հզոր համակարգը»,- շեշտել է գեներալ Սաբահիֆարդը` հավելելով, որ իրանցի գիտնականները` հաշվի առնելով ներկայիս սպառնալիքները, մեծ աշխատանքներ են իրականացրել կատարելագործելու Bavar 373 համակարգը, որի գործողության հեռահարությունը հասցնվելու է 300 կմ-ի։
Գեներալը նշել է, որ իրանական պաշտպանության համակարգն ունակ է «թիրախավորել հակառակորդի սպառնալիքներն ու կործանիչները ազգային սահմաններից դուրս»՝ նշելով, որ Bavar 373-ի գործողության հեռահարությունն ավելացել է:
Ամփոփելով իր խոսքը գեներալը նշել է, որ այս ՀՕՊ համակարգը ներկայիս սպառնալիքների նկատմամբ գերազանց լուծում է։
Թողնել պատասխան