Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը ԼՂ էթնիկ զտումների վտանգի հարցով դիմել է Վրաստանում հավատարմագրված դեսպաններին

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոն

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտումների իրական վտանգի մասին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը տեղեկացնում է Վրաստանում հավատարմագրված քաղաքակիրթ երկրների դեսպաններին։ Այդ մասին հայտարարություն է տարածվել կենտրոնի պաշտոնական կայքէջից։

«Ապրիլի 23-ին երբ աշխարհով մեկ սփռված հայերը հիշում էին 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը և հայրենազրկման հերթական տարելիցը, Ադրբեջանը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անօրինական ձևով տեղադրել է մի անցակետ, որով փաստացի պարտադրում է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչությանը հեռանալ իր հայրենիքից, հստակ գիտակցելով, որ Ղարաբաղի հայերը ոչ մի կերպ չեն ընդունելու Ադրբեջանի հետ մեկ պետության մեջ ապրելու գաղափարը, քանզի այն հավասարազոր է էթնիկ զտումների շարունակությանը։ Եվ դա տեղի է ունեցել ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության խախտումով, այլ նաև Հագաի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման հակառակ, որով Ադրբեջանը պարտավորվել էր բացել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]»,- նշում է աղբյուրհ։

Բացի այդ մատնանշվել է, որ Լեռնային Ղարաբաղը խորհրդային միության տարիներին Ստալինի կողմից բռնի ձևով կցվել էր խորհրդային Ադրբեջանին և 1990-ական թվականներին, ըստ խորհրդային սահմանադրության, դուրս էր եկել խորհրդային Ադրբեջանի կազմից` երբեք մաս չկազմելով անկախ Ադրբեջանի։

«Դրան ի պատասխան Ադրբեջանը խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ սանձազերծել էր պատերազմը, որի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեծ կորուստների գնով կարողացել էր պահպանել իր անկախությունը։ 2020 թվականին Թուրքիայի օգնությամբ և Ռուսաստանի Դաշնության լուռ աջակցությամբ Ադրբեջանը կրկին հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի վրա խլելով Լեռնային Ղարաբաղից մի շարք տարածքներ, որոնց թվում են Հադրութը և Շուշին։ Արդյունքում Հադրութը և Շուշին ոչ միայն օկուպացված են այլ նաև լրիվությամբ հայաթափված։ 2020 թվականի պատերազմի դադարեցման նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև հայտարարություն էր ընդունվել։ Եռակողմ հայտարարության կարևորագույն կետերից մեկը վերաբերում էր հենց Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] անխափան երթևեկությանը, որտեղ ոչ մի պարագայում չպետք է լիներ որևէ անցակետ»,- փաստում են Վերլուծական կենտրոնից։

Կենտրոնի կողմից ներկայացված կոչի մեջ մատնանշվում է Ադրբեջանի կեղծ էկոակտիվիստների միջոցով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը` ընդգծելով, որ այն նպատակ էր հետապնդում երկրում հումանիտար աղետ առաջացնելը ու արցախահայությանը գաղթի ենթարկելը։

«Իսկ հիմա բացահայտ ձևով անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում` նպատակ ունենալով վերջնականապես խեղդելու Ղարաբաղի հայերի հայրենիքում մնալու կամքն ու իրավունքը։ Եվ այս ամենը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների լուռ ներկայության պայմաններում, ինչը վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականում միայնակ է նոր ագրեսիայի ու հումանիտար աղետի առջև»,- ահազանգում են Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնից։

Դիտումների քանակը: 3852
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին