Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը

Դրոշ 3

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` հավելելով, որ հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

«Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ անելու Ադրբեջանի մտադրության և դրա իրական սպառնալիքի մասին:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են մի շարք հարցեր։ Մասնավորապես, առաջնահերթ են ադրբեջանական զորքերի հետքաշումը ՀՀ ինքնիշխան տարածքից, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը։

Այս գործընթացում հատուկ շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:

Դիտումների քանակը: 3887
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին