Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
«Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրությունների, ինչպես նաև համատեղ կինոարտադրության և օպերային թատրոնի հյուրախաղերի վերաբերյալ մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Շառլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման թեմային:
Կողմերը քննարկել են երկու երկրների արվեստի գործիչների միջև փոխանակման ակտիվացմանը միտված մի շարք հարցեր՝ դրանցում հատկապես ընդգրկելով երիտասարդներին։
Աշնանը նախատեսվում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի այցը Հայաստան։
Թողնել պատասխան