Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ. Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում: Այդ մասին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցած ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանին նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է անվտանգության հարցերի։ Նա նշել է, որ երկու տարի առաջ Հայաստանը զգաց միջազգային կառույցներում առաջացած ճեղքվածքը, երբ Ադրբեջանը՝ ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ:

«Երկու տարի է անցել այդ սարսափելի ժամանակներից, և Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության: Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման ու վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է»,- ասել է Միրզոյանը` հավելելով, որ կարող էլի օրինակներ բերել։

«Ինչու՞ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել։ Եվ, հարգելի՛ գործընկերներ, քանի որ մարդու իրավունքներին նվիրումն է մեզ բոլորիս բերել այստեղ, ուրեմն սա բոլորիս խնդիրն է»,- շեշտել է նախարարը:

Միրզոյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում, բայց Հայաստանում հավատացած են, որ ԵԽ-ն նույնպես իր մանդատի շրջանակում պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում:

Դիտումների քանակը: 3890
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին