Մեկամյա երեխան անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք ունի. ԱՀ ԱՆ

Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և շուրջ 190 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՀ առողջապահության նախարարությունը։

«Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխա, ով այս պահի դրությամբ գտնվում է ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, կարիք ունի անհապաղ տեղափոխման»,- նշում է աղբյուրը։

Հունիսի 23-ի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, որից 1 գտնվում է ծանր վիճակում։

«Այս օրերին ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների և դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները»,- հավելում է աղբյուրը։

Հավելենք նաև, որ քիչ առաջ թշնամին բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Դիտումների քանակը: 3916
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին