Միրզոյանը Դոնֆրիդի հետ քննարկել է թբիլիսյան հանդիպումը

ԱՄՆ

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

«Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայն աղբյուրի Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։

Մտքեր են փոխանակվել հուլիսի 16-ին վրացական կողմի հյուրընկալությամբ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Դիտումների քանակը: 4157
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին