Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկկողմ հանդիպումը, որի արդյունքում նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչի է հաջողվել հասնել»,-ասել է նա։
Նրա խոսքով, ՌԴ-ի խնդիրն էր հարթակ տրամադրել երկկողմ հանդիպման անցկացման համար:
«Հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հասնել գործնական արդյունքների»,– հայտարարել է Լավրովը։
Նա վստահեցրել է, որ ՌԴ–ն կշարունակի նպաստել գործընթացի առաջ շարժվելուն, որպեսզի լիարժեք իրականանա եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները։ Դրանք, ըստ Լավրովի, հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
Հիշեցնենք, որ այսօր կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ, ինչպես նաև Լավրով-Միրզոյան հանդիպումներ։
Ըստ պաշտոնական Երևանի կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի արգելափակման վերացման կարևորությունը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով եռակողմ հանդիպման արդյունքները Լավրովը հայտնել է, որ կողմերն աշխատում են խաղաղության պայմանագրի ուղղությամբ, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։
Թողնել պատասխան