ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տե եկացնում են, որ ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Համաձայն ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:
Ծառայությունը նշում է նաև, որ գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:
2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ ԱԱԾ-ը միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Մովսես Հակոբյանը հրաժարվելով իր զբաղեցրած պաշտոնից ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատերազմի առաջին իսկ օրերին հանցագործություն է տեղի ունեցել, որտեղից էլ ծնվել են հետագա խնդիրները։
Թողնել պատասխան