Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանին հանդիպում է ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադենի հետ։ Այդ մասին հայտում է պաշտոնական Բաքուն։
Համաձայն աղբյուրի հանդիպմանը ընդգծվել է բոլոր ոլորտներում բարեկամ և մերձավոր հարևան երկրների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Շոշափվել են պաշտպանության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների օրակարգային հարցեր։
Մտքեր են փոխանակվել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, այցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունները սրված էին։ Կողմերը մի քանի շաբաթ շարունակ փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում։ Պաշտոնական Իրանը կասկածում էր, որ Ադրբեջանը համագործակցում է Իսրայելի հետ։ Արդյունքում Իրանի իշխանությունները որոշեցին լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանների մոտ՝ միաժամանակ նշելով, որ թույլ չեն տա երրորդ երկրների և օտարերկրյա միջամտողների ներկայությունը Հարավային Կովկասում։
Թողնել պատասխան