Պաշտոնական ՌԴ ողջունում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակականությունը։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է երեկ երեկոյան, քննարկման բովանդակության մասին տեղեկությունները դեռ չեն ամփոփվել։ Մենք հընթացս վերլուծում ենք դրանք»,- նշել է Զախարովան:

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումներում:

Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:

Բացի այդ Զախարովան անդրադարձել է նաև Անկարայի և Երևանի կողմից երկխոսությունը սկսելու տրամադրվածությանը, նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, ինչպես նաև երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիական մթնոլորտի ձևավորմանը:

 

Դիտումների քանակը: 4059
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին