Թուրքիայում վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայանպաստ հայտարարությունները

Ֆրանսիա, թուրքիա

Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ «վրդովմունքով» են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։

«Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին» նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Զեմուրն այդպիսով ցանկանում է շահել ֆրանսահայ ընտրողների համակրանքը։ Թուրքական լրատվությունը հեգնանքով է ներկայացրել Զեմուրի խոսքն այն մասին, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական հող է և եթե չլիներ քրիստոնեությունը, չէին լինի Եվրոպան և Ֆրանսիան։

«Մակրոնի մրցակիցն էլ «Թուրքիայի» թշնամի դուրս եկավ» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթն անդրադարձել է Մակրոնի ամենաուժեղ մրցակիցներից մեկը համարվող Վալերի Պեկրեսի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք ո՛չ ցանկանում են ԱՄՆ-ից կախված մնալ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից պատանդառված։

«Մինչ Ֆրանսիայում մոտենում է նախընտրական շրջանը, նախագահի թեկնածուները, որոնք իրենց ընտրողներին խոստանալու ոչինչ չեն գտնում, փորձում են իշխանության գալ Թուրքիայի դեմ թշնամություն դրսևորելու միջոցով»,- նշել է թուրքական թերթը։

Հիշեցնենք, որ Էրիկ Զեմուրը եռօրյա այցով Հայաստանում էր։ Ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող թեկածուն քարոզարշավի մեկնարկին որոշել էր առաջինը հենց Հայաստան գալ, իր խոսքով` աջակցություն հայտնելու առաջին քրիստոնեական երկրին, որն այսօր էլ ոտնձգությունների է ենթարկվում հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

Էրիկ Զեմուրը AFP-ի հետ զրույցում խոսելով Հայաստանին ուղղված Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքների մասին մեղադրել է Ֆրանսիայի ներկայիս իշխանություններին «շատ խոսելու, բայց, իրականում, Հայաստանին չօգնելու» համար։

Դիտումների քանակը: 4079
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին