Պաշտոնական Ստեփանակերտը թույլ կտա Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը հանրապետություն: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի` օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, որոնք օրերս են Արցախ ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Հիշեցվում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես էր եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Հավելենք, որ ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։ Այսօր` ժամը 14:30-ին, պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:

Դիտումների քանակը: 3961
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին