Պատրաստ եմ ստորագրել, որ խաղաղապահների ներկայությունը երկարացվի 10-20 տարով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների երկարացվի։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք, իհարկե, ուզում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը, ես պաշտոնապես ասում եմ` պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10, 15, 20 տարով»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ այդ առաջարկով հանդես կգա, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պաշտպանի այդ առաջարկը։

ՀՀ վարչապետի խոսքով` իրականության հետ կապ չունեն այն խոսակցությունները, թե կա խաղաղության պայմանագրի երկու ծրագիր` արևմտյան և ռուսական, և հայկական կողմը մերժում է ռուսական առաջարկը։ Նա հաստատեց, սակայն, որ Արցախի հարցում կա ռուսական և արևմտյան ընկալումներ, և ՀՀ-ն համաձայնել է ռուսական ընկալման հետ։

«2021 թվականի հունվարին ՌԴ-ի հետ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանը Հայաստանի և ԼՂ-ի անվտանգության երաշխավորն է, և մենք պայմանավորվել ենք այդ սցենարի և պլանի շուրջ։ Այդ պլանը ներկայացվել է ՀՀ-ին 2022 թվականի օգոստոսին»,-ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ասաց` պատրաստ է Սոչիում ստորագրել ՌԴ-ի կողմից ներկայացված տասնհինգ կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը։ Այսինքն` այդ փաստաթուղթը հիմք ընդունել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Դիտումների քանակը: 4048
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին