ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, ԼՂՀ նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ 2018թ. օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) հարուցված 54.083.860 մլն. դրամ պակասորդի պատճառով քրեական գործի վարույթը կարճվել է, քանի որ պատճառված վնասը՝ մոտ 63,000,000 ՀՀ դրամը վերադարձվել է։
Քննիչ Նաիրա Հարությունյանի որոշմամբ Աղաբեկյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաև վերացվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ ահա ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտ ընդունվելու հիմքով:
Հիշեցնենք, որ «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի ավագանու նախկին անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, 2018 թվականի հուլիսին։ Արդյունքում պարզվել է, որ «Մարտիկ» հիմնադրամն ստեղծվել է 2002թ., որի կանոնադրային նպատակներն են հանդիսացել ՀՀ զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանն աջակցելը, իսկ խնդիրներն են հանդիսացել կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի մշակումն ու իրականացումը, գիտնական զինվորականների, դասախոսների և ուսանողների պատրաստման և վերապատրաստման, արտերկրում կազմակերպվող գիտաժողովների և այլ ծրագրերի՝ նրանց մասնակցության ֆինանսական օժանդակությունը, շնորհալի ուսանողների կրթաթոշակների հիմնումը և վճարումը, սակայն ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ։
Առանձնապես չարաշահումներն արձանագրվել էին 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել էր 54 083 860 մլն ՀՀ դրամ։ Գործի շրջանակներում օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նյութի աղբյուրը՝ Aysor.am:
Թողնել պատասխան