Փոփոխություններ տարկետման տրամադրման կարգում

timthumb

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է փոփոխություններ կատարել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ գործող կարգով քաղաքացին հնարավորություն ունի տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար: «Սակայն եթե քաղաքացին ունի այլ հիմքով տարկետում, դիցուք, հիվանդության պատճառով, նախարարությունը ստիպված է լինում նրան ասել, որ թեպետ դու ունես հանձնաժողովի դրական եզրակացությունը, բայց պետք է դիմես միայն այլ հիմքով ստացած տարկետման ավարտից հետո: Փոփոխությամբ սահմանել ենք, որ երբ քաղաքացու այլ հիմքով տարկետումն ավարտվում է, ապա նույն օրվանից ուժի մեջ է մտնում գործադիրի թիվ 451-Ն որոշմամբ սահմանված՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար ստացած տարկետումը»,-բացատրել է նախարարը:

Ա.Հարությունյանն անդրադարձել է նաև մեկ այլ փոփոխության: Գործող կարգով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Նոր նախագծով նույն կրթական ծրագրով տարկետում կտրվի օլիմպիադաներում նվաճումներ ունեցող կամ համապատասխան գիտական հոդվածների, գիտական զեկույցների և ՄՈԳ-ի գնահատման արդյունքում տարկետում ստացած քաղաքացիներին աշխարհի լավագույն 50 բուհերի ցանկում գտնվող որևէ հաստատություն ընդունվելու դեպքում:

Բացի այդ, նույն կրթական ծրագրում ուսումնառելու համար տարկետում կտրվի նաև այն դեպքերում, երբ լավագույն բուհերի ցանկում գտնվող որևէ հաստատություն սովորող քաղաքացին ուսումնառության ընթացքում ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ է ընդունվում: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ նախկինում սահմանված լավագույն 50 բուհերի ցանկում գտնվող հաստատություն ընդունվելու ու այն փոխելու կամ ավելի բարձր մակարդակի բուհ կամ կրթական ծրագրիր ընդունվելու պարագայում կասեցվում էր այդ քաղաքացու տարկետումը, և նա պետք է նորից դիմեր: «Այս փոփոխության իմաստն այն է, որ կրթության շարունակականությունն ապահովելու դեպքում քաղաքացին կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ իհարկե մինչև 26 տարեկան լրանալը, որպեսզի այդ առիթը չօգտագործվի՝ զորակոչից խուսափելու համար»,-շեշտել է վարչապետը:

Նշվել է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը մերժելու դեպքերը բացառելու նպատակով:

Դիտումների քանակը: 4295
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին