Դսեղում ոչ միայն Թումանյանի շունչն էր, այլև՝ սիրտը. նախագահ Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր

40793

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ:
Նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելել հարևանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։

Նախագահը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է և թանգարանի է վերածվել 1939 թվականին: Նա ծանոթացել է գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին՝ գրքերին, անձնական իրերին, որոնք ներկայացնում են մեծ գրողի կյանքի ու ստեղծագործական ուղու որոշակի փուլեր: Նախագահը հետաքրքրվել է թանգարանի հետագա ծրագրերով:

Նա նշել է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին և գեղագիտական հաճույք ստանալ, այլև սովորել նրանից:

«Պետք է արժանին մատուցել մեր մեծերին, գնահատել, մեծարել նրանց ու որդեգրել կյանքի այն սկզբունքները, որոնք նրանք դավանել են որպես հայրենիքի ու ժողովրդի նվիրյալներ»,-ասել է նախագահը:

Նա շնորհակալություն է հայտնել թանգարանի աշխատակիցներին՝ Թումանյանի ժառանգությունը պահպանելու և այն սերնդեսերունդ փոխանցելու համար:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մենք որպես ժողովուրդ հայտնի ու ճանաչելի ենք նաև մեր մշակույթի շնորհիվ, և դրանում շատ մեծ է Հովհաննես Թումանյանի գրականության ներդրումը:

Դսեղ այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը զրուցել է գյուղացիների հետ, այցելել գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի(5-7-րդ դարեր),աղոթել ու մոմ վառել։

Դիտումների քանակը: 3568
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին